ԵԹԿՊԻ-ի ներկայացուցիչները մասնակցել են «Կինոկրթություն. ԱՊՀ անդամ երկրների համատեղ կրթական նախագծեր» փառատոնին

ԵԹԿՊԻ-ի ներկայացուցիչները մասնակցել են Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանում (ВГИК) կայացած «Կինոկրթություն. ԱՊՀ անդամ երկրների համատեղ կրթական նախագծեր» փառատոնին։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ փառատոնի մասնակիցներին ողջունել է ռեկտոր Սառա Նալբանդյանը։ Մեր պատվիրակության կազմում էր նաև Կինոյի, մուլտիմեդիայի և անիմացիայի ամբիոնի վարիչի պ/կ Կարինե Սիմոնյանը։ Վերջինս նշում է, որ նմանօրինակ փառատոները կարևոր հարթակ են կինոռեժիսորների համար՝ իրենց ֆիլմերը մեծ լսարանի ներկայացնելու, նոր կապեր հաստատելու և փորձի փոխանակման տեսանկյունից։
Փառատոնի շրջանակում կազմակերպվել են մի շարք վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ և կինոդիտումներ։

«Ժամանակակից կինոյի տեսակները, ժանրերն ու տեխնոլոգիաները. երիտասարդ կինոգործիչների առաջնահերթությունները» խորագրով երիտասարդական գիտագործնական գիտաժողովին մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Սոնա Խաչատրյանը հանդես է եկել «Արհեստական բանականությունը կինոարտադրությունում» թեմայով զեկույցով։ Բանախոսը կիրառել է ինտերակտիվ մեթոդներ, ինչը հնարավորություն է ընձեռել լսարանին ակտիվորեն ներգրավվել քննարկմանը և մասնակցել թեմայի շուրջ ձևավորված երկխոսությանը։

Փառատոնի մրցութային ծրագրին մասնակցել են տարբեր երկրների կինոմատոգրաֆիայի բուհերից ներկայացված ֆիլմեր։ Ցուցադրվել են մեր բուհի ուսանողների ֆիլմերը։
Տաթևիկ Ասատրյանի «Աղ» ֆիլմը հաղթել է «Լավագույն սցենար» անվանակարգում և արժանացել մրցանակի (աշխատանքի ղեկավար՝ Էդգար Բաղդասարյան)։

Նկարներ




Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար