Մամուլի ասուլիս ԵԹԿՊԻ-ում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայացավ մամուլի
ասուլիս՝ նվիրված Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկմանը:
Երկլեզու դրամատիկական արվեստանոցի նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր,
պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը տեղեկացրեց, որ արվեստանոցի երրորդ թողարկումը
կտևի մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը: Իսկ այդ ընթացքում հայ երիտասարդ
դերասանների հետ աշխատելու համար Հայաստան կժամանեն հինգ կին արտիստներ:
«Սա հնարավորություն է ծանոթանալու ֆրանսիացի արվեստի գործիչների
աշխատանքային մեթոդաբանությանը և թատրոնի ու կինոյի ավանդույթներին,
ժամանակակից միտումներին»,-նշեց Սերժ Ավետիքյանը:
Այս տարվանից դրամատիկական արվեստանոցը տեղակայվել է Երևանի թատրոնի և
կինոյի պետական ինստիտուտում: Ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ այն
հաջողված նախագիծ է և ունի կիրառական մեծ նշանակություն ու կարևոր
նպատակներ: Ռեկտորը մանրամասնել է ընթացիկ ու սպասվող ծրագրերը, որոնք
ամուր կապված են ֆրանկոֆոնիայի հետ: «Ֆրանսերենը բուհ բերելը, նաև մեր
բուհը դեպի ֆրանկոֆոն երկրների բուհերի շարք տանելը միշտ երազանք է եղել։
Սեպտեմբերից սկսած` ԵԹԿՊԻ-ում ֆրանսերեն է դասավանդվում։ Արդեն հասցրել ենք
ուսանողներ ընտրել Ավինյոնի ամառային դպրոցին մասնակցելու համար, նաև
առաջիկայում կկարողանանք ֆրանկոֆոն երկիր Ռումինիա ուղարկել ուսանողների`
փորձի փոխանակման համար»,-նշեց ռեկտորը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ ընդգծեց՝ եղբայրական երկիր
Ֆրանսիան մշտապես Հայաստանի ու հայերի կողքին է, իսկ նմանօրինակ ծրագրերը
ողջունելի են և ավելի սերտ համագործակցության հնարավորություն են ստեղծում:
«Կարևորում եմ, որ արվեստի այս բուհը դառնա եվրոպական կրթական համակարգի մի
մասնիկը և բոլոր չափանիշներով համապատասխանի աշխարհի բոլոր լավագույն
արվեստի բուհերին»,-նշեց Դանիել Դանիելյանը՝ խրախուսելով բուհի
ուսանողներին մասնագիտական կարողությունների զարգացման հարցում
չսահմանափակվել առկա հնարավորություններով, այլ նոր մշակութային տարածքների
ձգտել:
Ասուլիսի բանախոսների շարքում էր նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատու
Էրիկ Պոպպը: Վերջինս ասաց, որ ուրախ է արձանագրելու ֆրանկոֆոնիայի
տարեցտարի աճն ու ընդլայնումը։ «Ցանկանում եմ մասնավորապես շեշտել, թե ինչ
կարևոր է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողքին ունենալ
ֆրանկոֆոնիայի համար պայքարող գործընկերներ, նաև` հանձինս ձեզ:
Ավելորդ կլինի երևի թե վերադառնալ այն ողբերգական հանգամանքներին, որի մեջ
այսօր ապրում է ձեր երկիրը։ Եվ ֆրանկոֆոնիան կարող է օգնել մշակութային
առումով, որովհետև մեր զենքը մշակույթն է»,-նշեց Էրիկ Պոպպը:
Երկլեզու դրամատիկական արվեստանոցի գործընկերներից է նաև «Ազնավուր»
հիմնադրամը: «Մենք այս նախագծի կողքին ենք, որովհետև նախագիծը ներկայացնում
է Ազնավուրի տարերքներն ու սերերը՝ թատրոնը, երիտասարդությունը,
ֆրանսերենը, ու այս ամենը` Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար
նույնպես պատիվ է լինել երիտասարդների կողքին»,-ընդգծեց «Ազնավուր»
հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարինե Էվոյանը:
Նշենք, որ այս տարի նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի
դեսպանության, Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանկոֆոնիայի Միջազգային
Կազմակերպության (OIF), Իլ դը Ֆրանս շրջանի, Փարիզի քաղաքապետարանի,
«Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, «SPFA» ընկերության, «Miassine»
հիմնադրամի, ԵԹԿՊԻ-ի աջակցությամբ։
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար