Կայացան վարպետության դասեր

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
Կայացան վարպետության դասեր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացել են երկու մասնագիտական վարպետության դասեր՝ նվիրված ֆիզիկական թատրոնին և իմպրովիզացիային, ինչպես նաև դրամաթերապիային՝ որպես արվեստահեն և թերապևտիկ գործիք։ Վարպետության դասերն անցկացրել է էքսպրեսիվ արտ-թերապիայի «Աստարտե» ասոցիացիայի տնօրեն, դերասան Մայք Այվազյանը:

Article image

«Ֆիզիկական թատրոն և իմպրովիզացիա» վարպետության դասը նախատեսված էր Թատրոնի ֆակուլտետի ուսանողների համար և նպատակ ուներ ներկայացնել ֆիզիկական թատրոնի ստեղծագործական ներուժը, գործնական հնարավորություններն ու մարտահրավերները։ Գործնական, փորձառական մեթոդաբանությամբ կառուցված դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ֆիզիկական թատրոնի ավանդույթներից բխող հիմնային տեխնիկաներին՝ մնջախաղի և ծաղրարվեստի սկզբունքներին, ինչպես նաև իմպրովիզացիայի առանցքային գաղափարներին։ Շարժման, թատերային խաղի և համատեղ աշխատանքի վրա հիմնված վարժությունները նպաստեցին մարմնական զգոնության, արձագանքման արագության և ստեղծագործական համագործակցության զարգացմանը։

Article image

Երկրորդ վարպետության դասը՝ դրամաթերապիայի թեմայով, նախատեսված էր թերապիայի ոլորտում աշխատող մասնագետների, արվեստահեն թերապևտների, դրամաթերապիստների, սոցիալական աշխատողների, մանկավարժների և թատրոնի ոլորտի ներկայացուցիչների համար։ Դասընթացի հիմնական նպատակը դերային խաղերի կիրառման ընթացքում էթիկական և անվտանգ աշխատանքի սկզբունքների կարևորության ներկայացումն էր։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հոգեբանական հեռավորության կոնցեպտին՝ որպես էմոցիաների կարգավորման և կրկնակի տրավմատիզացիայի կանխման միջոց։ Տեսական և գործնական հատվածների համադրությամբ մասնակիցները ծանոթացան թերապևտիկ պարուրաձև մոդելի և սոմատիկ թերապիայի մոտեցումներին՝ ձեռք բերելով կառուցվածքային գործիքակազմ դերային խաղերի անվտանգ կիրառման համար։

Այս երկու վարպետության դասերը նպաստեցին ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը՝ ընդգծելով թատրոնի, շարժման և դերային խաղի ներուժը ինչպես ստեղծագործական, այնպես էլ թերապևտիկ միջավայրերում։

Նկարներ

Նկար 1
Նկար 2
Նկար 3

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար