«Իմ թեզը 180 վայրկյանում» մրցույթը ԵԹԿՊԻ-ում

ԵԹԿՊԻ-ում կայացել է «Իմ թեզը 180 վայրկյանում» մրցույթի մեծ եզրափակիչը: Տասը երիտասարդ հետազոտողներ փորձել են հաղթահարել մի բարդ փորձություն՝ ֆրանսերենով, պարզ, կենդանի և տպավորիչ կերպով ներկայացնել իրենց թեզի թեման… ընդամենը 3 րոպեում։
Ներկաներին ողջունել է ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն հետազոտական և գիտական մտքի զարգացման, այլև հետազոտողների հաղորդակցության և միջազգային մրցակցության մեջ ներկայանալու կարողությունների խթանման առումով։

«Այս մրցույթը հնարավորություն է տալիս վերահաստատել, որ գիտությունը կարող է դուրս գալ սովորականի սահմաններից, դառնալ հետաքրքիր և ազդեցիկ հասարակության լայն շերտերի համար»,-ընդգծել է Սառա Նալբանդյանը՝ կարևորելով նաև ստեղծագործականության տարրը, որը մրցույթի առանցքային կետերից մեկն է:
Մրցույթի արդյունքում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Անուշ Մարտիրոսյանը (ԲՊՀ), 2-րդ հորիզոնականը՝ Լիաննա Բաղդասարյանը (ԵՊՀ), 3-րդ հորիզոնականը՝ Հրաչ Պետրոսյանը (ԵԹԿՊԻ): «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել է Նաիրա Հայրապետյանը (ԵԹԿՊԻ):
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) Հայաստանի ազգային գրասենյակի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կողմից՝ համագործակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Le Courrier d’Erevan» ամսագրի հետ։ Նպատակը՝ գիտությունը դարձնել հասանելի բոլորին և լուսաբանել հայաստանցի ֆրանսախոս երիտասարդ հետազոտողների տաղանդը։
Նկարներ


Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար