«Հանրային կապերը մշակույթում» խորագրով ուսանողական գիտաժողով

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Հանրային կապերը մշակույթում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով գիտաժողովը, որին մասնակցում էին մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները։ Ներկայացված զեկույցներն առնչվում էին հանրային կապերի ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին՝ դիտակետում ունենալով հայաստանյան օրինակները։ Գիտաժողովը նախաձեռնել էր բուհի դասախոս, դոցենտ Վահագն Զաքարյանը։
Հայտնի է, որ հանրային կապերի ոլորտը ժամանակակից մշակույթում հանդիսանում է առաջնային կարեւորություն ունեցող բաղադրիչ եւ հետագա առաջխաղացման գրավական։ Հայաստանյան մշակութային կառույցների գործունեությունը մեծապես դանդաղում է առանց գիտականորեն հիմնավորված PR գործիքակազմի, որոնք հանդիսանում են յուրաքանչյուր մշակութային նախագծի հաջողության գրավականը։ Ինչպես մշակութային արտադրանքը հասանելի դարձնել հասարակությանը՝ օգտագործելով ժամանակակից PR գործիքները, որոնք կիրառելի են աշխարհում եւ ինչպես դրանք տեղայնացնել, որպեսզի արդյունքում առավելապես հանրահռչակվի մշակույթը, մշակութային կառույցի գործունեությունը․ այսօրինակ հարցերի պատասխանները փորձ արվեց ներկայացնել գիտաժողովի ընթացքում։ Կատարված հետազոտությունների ոլորտային շրջանակը բազմազան էր՝ թատրոն, կինո, թանգարաններ եւ կրեատիվ PR-ի դրսեւորման հարթակներ։ Գրեթե երեք ամիս տեւած հետազոտական աշխատանքի արդյունքում մագիստրանտների կողմից ընտրվել էին այնպիսի ոլորտներ և մշակութային կառույցներ, որոնցում առաջնային կարևորություն ունեն հանրային կապերի գործունեությանն առնչվող խնդիրները։
Հավելենք, որ մի շարք զեկույցներ կհրապարակվեն հանրապետական որոշ պարբերականներում։

Images


Click on the image to enlarge it