8 նոյեմբերի, 2023 թ.

Մեր ուսանողների ֆիլմերը մրցանակների են արժանացել

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Խաչատրյանի «Խորշ» վավերագրական ֆիլմն արժանացել է երկու, իսկ Մարինա Սոլոյանի «Գարնան առաջին մեծ լվացքը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը՝ մեկ հատուկ մրցանակի:

Նշենք, որ Մարինա Սոլոյանի ֆիլմն օրերս մասնակցել է նաև «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնին, որտեղից նույնպես մրցանակով է վերադարձել։

Մի քիչ մրցանակակիր ֆիլմերի մասին: «Խորշ» ֆիլմում երեք երիտասարդներ, Երևանի ծայրամասերից, անդրադառնում են իրենց բանտարկված պատանեկության տարիներին, մինչդեռ նրանց շրջապատող միջավայրն ինքն է դառնում գլխավոր հերոս, որը պատկերացումներ է տալիս նրանց ճակատագրի և ըմբռնման հնարավորության մասին:

«Գարնան առաջին մեծ լվացքը» ֆիլմը գյուղում ապրող մի աղջնակի մասին է, որը տարբերվում է համագյուղացիներից բնավորությամբ, որոշումներով, մտածելակերպով: Ֆիլմի առանցքում անցյալի ժառանգության պահպանությունն է, անձնական որոշումների, անհատականության ու մարդու մղումների հանդեպ հարգանքը: