16 դեկտեմբերի, 2023 թ.

Գրիմից մինչև հագուստի դիզայն ու ռեկվիզիտ. ԵԹԿՊԻ-ի ստեղծագործական լաբորատորիայի եռուզեռը

ԵԹԿՊԻ-ի 80-ական թվականների շրջանավարտ, հոլիվուդյան բազմամյա փորձով հագուստի դիզայներ Մարո Փարյանն անձնական միջոցներով վերջին տարիներին մեր բուհում ստեղծագործական լաբորատորիա է ստեղծել՝ ներդնելով հագուստի դիզայնի, գրիմի, ռեկվիզիտների պատրաստման դասընթացներ: Լաբորատորիան վերազինված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Դասընթացները համակարգում է Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնը:

-Դասընթացներին մասնակցող ուսանողների մեծ մասը նկարիչներ են, որոնց հետաքրքրում է այս ամենը։ Նրանք տիրապետում են գրիմի գաղտնիքներին, ձեռք են բերում նյութերի հետ աշխատելու գրագիտություն, մի շարք հմտություններ՝ ինչ կարելի է անել, ինչպես կարելի է անել... Հագուստի ձևավորման դասերը կարով են սկսում, կարի մեթոդներն ու կտրելն են սովորում։ Մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ չի ստացվում։ Կարևորը ձգտումն է,-ասում է Մարո Փարյանը՝ ընդգծելով, որ աշխատում է ուսանողի ունակության, կարիքի հիման վրա։

Ուսանողները դեռևս ճշգրտում են իրենց ստեղծագործական դիրքորոշումը, որոշում անելիքները: Նրանք երեք տարբեր նյութերի խառնուրդից ծնոտ, շրթունք և քիթ են պատրաստել, այժմ ընթանում է վրադիր գրիմի գործընթացը. Ուսանողները կերպար են ստեղծում։

Մարո Փարյանի սաներից է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն մասնագիտական կրթական ծրագրով սովորող ուսանող Ջուլյանա Ղազարյանը։ -Եթե բեմանկարիչ ես, ապա պետք է նյութին ծանոթ լինես, ընդհանրապես գիտելիքներ ունենաս` ինչ նյութեր են օգտագործվում թատրոնի և կինոյի նկարչության մեջ։ Այս ընթացքում ինձ համար շատ էին բացահայտումները,- ասում է Ջուլյանան:

Եվա Պետրոսյանը նույնպես ԵԹԿՊԻ-ի ուսանողուհի է: Կարծում է՝ յուրաքանչյուր մասնագետ պետք է պատրաստ լինի նորարարության, իսկ սկսնակ մասնագետի համար անընդհատ նորին առնչվելն ու ինքնակրթվելով գաղտնիքներ բացահայտելը կարևոր նախապայմաններ են: -Գործնական աշխատանքները շատ են օգնում։ Հիմա սաղավարտ եմ պատրաստում իմ դիզայնով, հասցրել եմ նաև տաբատ կարել, տարատեսակ գրիմներ եմ փորձել և ստացել վերքեր, կտրվածքներ, կապտուկներ,-մանրամասնում է Եվան:

Ավարտական կուրսի ուսանող Տալիդա Կարապետյանը թերթում է պատկերագիրքն ու ուսումնասիրում տարբեր ժամանակահատվածներում ստեղծված բեմական հագուստները: Տալիդան մի պատգամ ունի ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր ընտրելու են այս ուղին՝ լինել նախաձեռնող և խոչընդոտները ստեղծագործորեն հաղթահարել: