25 հունվարի, 2024 թ.

«Իմ միջոցը նկարչությունն է»․ Տիգրան Հարությունյան

Տիգրան Հարությունյանը «Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն» մասնագիտական կրթական ծրագրով սովորում է ԵԹԿՊԻ-ում։ Erasmus + Exchange ծրագրի շրջանակներում նա հնարավորություն է ստացել մի քանի ամիս սովորելու Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայում։

«Սա կյանքումս ընձեռնված լավագույն հնարավորություններից մեկն է։ Միշտ երազել եմ ուսում ստանալ արտերկրում։ Այս ծրագիրն ինձ համար ահռելի մոտիվացիայի և ոգեշնչման աղբյուր դարձավ»,-ասում է Տիգրանը` ընդգծելով նմանօրինակ ծրագրերի անհրաժեշտությունը մասնագիտական նոր գիտելիքների, շփումների և ազգերի մշակույթներին հաղորդակից դառնալու տեսանկյունից։

Տիգրանը կարևորում է նաև հարազատ բուհի տված մասնագիտական գիտելիքներն ու հնարավորությունները. «Մեր բուհն ուղղակի մոգական մթնոլորտ ունի, որը եթե քեզ իր պատերից ներս է ընդունում, ապա դու այլ ելք չունես, քան նվիրվել նրան։ Լավագույն տարիներս անցել ու դեռ անցնելու են սիրելի թատերականում, ուստի բուհը, անկասկած, շատ մեծ դեր ունի իմ կյանքում թե՛ որպես մասնագետ կայանալու, թե՛ որպես անհատ»։