4 հոկտեմբերի, 2023 թ.

«Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչներն այցելել են ԵԹԿՊԻ

«Հայ ֆեստ» 21-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնի շրջանակներում այսօր ԵԹԿՊԻ-ում կայացել է «Փառատոները որպես զբոսաշրջության զարգացման հիմնական բաղադրիչներ» կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ինչպես բուհի, այնպես էլ Ֆրանսիայից ժամանած «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչները, Ավինյոնի քաղաքապետարանի և կոնսերվատորիայի ներկայացուցիչները։

Բուհում հյուրերին ողջունել է ռեկտոր Սառա Նալբանդյանը: Երկուստեք նաև քննարկումներ են ծավալվել հետագա համագործակցության շուրջ: Ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որը հնարավորություն կտա մեր բուհի ութ ուսանողի մասնակցել Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի կոնսերվատորիայում անցկացվող ամառային դպրոցին, ինչպես նաև «Ավինյոն» փառատոնի բոլոր ներկայացումները դիտել անվճար։

«Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային փառատոնի հիմնադիր Արթուր Ղուկասյանը նշել է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, փառատոնի ծրագիրը խմբագրել են: Առանձնացվել է միայն կրթական ծրագիրը՝ ներառելով հանրային քննարկումներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր:

Բանախոսներից Հարոլդ Դավիդը ընդգծել է, որ «Ավինյոնը» անկախ ստեղծագործող փառատոնի համար 2025-ը կարևոր է. փառատոնի գործունեության 25-ամյակն է: Նպատակ ունեն այդ առիթով Երևանի հետ համագործակցությունն ավելի ընդլայնել և ամրապնդել:

-Մենք տարբեր համագործակցություններ ունենք և այժմ էլ աշխատում ենք այդ աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ: Ցանկանում ենք փառատոնը գործիք դարձնել, որպեսզի նպաստենք տնտեսության զարգացմանը, խթանենք զբոսաշրջությանը, ստեղծագործական մտքի համար նոր սահմաններ ուրվագծենք,- նշել է Հարոլդ Դավիդը։