3 հոկտեմբերի, 2023 թ.

«Ավթոնա» ֆիլմը մրցանակի է արժանացել

Սեպտեմբերի 25-29-ը Ս. Ա. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ВГИК) կազմակերպած «Կինոկրթություն. ԱՊՀ երկրների համատեղ կրթական ծրագրեր» ուսանողական փառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգին է արժանացել մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Գրիգորյանի «Ավթոնա» ֆիլմը:

«Ավթոնա» ֆիլմը եզդի տղայի երկու աշխարհների բախման մասին է: Ռեժիսորի խոսքով՝ մեկ տղայի միջոցով եզդիական կյանքը ներկայացնելը բարդ լինելուն զուգահեռ նաև պատասխանատու ստեղծագործական աշխատանք է, որը սիրով ու նվիրումով է կատարել:

-Եզդի տղայի հեքիաթային ու իրական աշխարհների բախման միջոցով արտահայտված ֆիլմն առանցքային դեր պետք է ունենա եզդիական համայնքներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս,- ասում է Անի Գրիգորյանը, ապա բանաձևում ֆիլմի կարևոր ուղերձը. «Ապրել իրական կյանքում՝ չկորցնելով մեր ստեղծած գունավոր հեքիաթը»։

Այսօր ռեկտոր Սառա Նալբանդյանն ընդունել է մրցանակակիր ուսանողուհուն, շնորհավորել և հաջողություններ է մաղթել կինոոլորտում:

Հանդիպմանը նաև ներկա էին Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Անետա Երզինկյանը և փառատոնի ժյուրիի անդամ, «Paradise» ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Մանասյանը:

Նշենք, որ փառատոնին մասնակցում էին նաև մեր ուսանողներ Էդգար Սարգսյանի «Ճանապարհ», Մարինա Արզումանովայի «Ռոմեո», Արծրուն Մանուկյանի «Տուր ինձ խաղաղություն» ֆիլմերը, որոնք արժանացել են ջերմ ընդունելության: